Աղբիւր՝ www.tert.am
Սա Թուրքիայի առաջին փորձը չէ՝ ներկայացնելու միջազգային հանրութեանը, որ Թուրքիան ձեռք է մեկնում, իսկ հայկական կողմն այն չի ընդունում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Արտակ Շաքարեանը` անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի յայտարարութեանը, որ հայկական հարցի առնչութեամբ միշտ Թուրքիան է քայլ կատարում, իսկ հակառակ կողմից ձայն դուրս չի գալիս, եւ իրենց պարզած ձեռքն անպատասխան է մնում:
«Մասնաւորապէս՝ հարցին գիտակ արտասահմանցի մասնագէտները երգիծանքով են վերաբերում այդ ամէնին, թէեւ հնարաւոր է՝ միջազգային լայն հանրութիւնը խաբւում է: Սակայն հաշուի առնելով Թուրքիայի վարկաբեկուած իմիջը` ես կարծում եմ, որ սա, պարզապէս, փրփուրներից կախուելու փորձ է»,-ասաց նա:
Թուրքագէտը գտնում է, որ մենք միշտ էլ խնդիր ունենք աւելի լայն հանրութեան հետ աշխատելու, եւ Ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցը շատ լաւ առիթ է մեր նախաձեռնող կողմը ներկայացնելու համար: «Բայց պէտք է նկատի ունենանք, որ թուրքական կապերը, դրամային հոսքերը շատ աւելի ուժեղ են, եւ միշտ էլ Թուրքիան փորձելու է ուժի դիրքերից խօսել»,- ասաց նա: